«Ճշմարտության ժայթքումը»

Անցյալ շաբաթ Արբակ Խաչատրյանի ընտանիքի գործն ուղարկվել է ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ։
Հետաքրքիր է՝ կբավարարի՞ արդյոք Հայաստանի բյուջեն..
Աշխարհասփյուռ հայերի մտածող տեսակի համար մինչ օրս էլ անհասկանալի ու մութ է մնում, թե ինչպես՝ «մութ ու սոված» 90-ականներ հաղթահարած, 1-ին Արցախյան պատերազմում հաղթած, քաղաքական կշիռ ու խոստումնալից ապագա ունեցող Հայաստանը երեք տասնամյակ անց հայտնվեց գահավիժման եզրին։ Անհնարին թվացող այդ իրավիճակից Հայաստանը դուրս եկավ բացճակատ ու հաղթանակած: Դեպի ծով ելք ու գազ ունեցող հարևանները էլի նույնն են, հանրապետությունն էլ ղեկավարում են օրհասական այն տարիներին Հայաստանը փրկած, հաղթանակի դափնիներն էլ իրենց վերապահած նախկին առաջնորդների «իրավաժառանգները», բայց չգիտես ինչու չկա ազգային հպարտությունն ու սեփական ուժերի հանդեպ ունեցած երբեմնի հավատը…
Մտածող տեսակի համար այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչու է հիմա, 30 տարի անց, հաղթանակած Հայաստանի անկախ պետականության գոյությունը վտանգված, պետականազրկության վտանգն էլ՝ այդքան շոշափելի։ Հետաքրքիր է. որն է այս ամենի պատճառահետևանքային կապը: Գուցե ամեն ինչ այլ կերպ լիներ, եթե մեզանից թաքցրած չլինեին ճշմարտությո՞ւնը, հանրությունն էլ անձնապես ծանոթ լիներ 90-ականների Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանած իրական հերոսների՞ն, որոնց ժողովուրդը պարզապես չի ճանաչում: Չի ճանաչում միմիայն այն պատճառով, որ նրանք գործել են լռելյայն, առանց «երևակվելու» ճիգի: Այդ կերպ կարծելու տեղիք են տալիս ժամանակ առ ժամանակ նրանց մասին ի հայտ եկող, նրանց գործունեությունից տեղյակ մարդկանց կողմից ներկայացվող պատմության պատառիկները: Այդ իսկ պատճառով էլ իրական պատմության, իրական հերոսների արարքների ներկայացումը հանրությանը դառնում է առաջնահերթություն: Կա մի դերակատար, որի մասին ընդհանրապես քար լռություն է պահպանվում:
Թերևս՝ միտումնաբար: Արբակ Խաչատրյանի ու նրա կատարած գործերի մասին մարդկանց նեղ շրջանակում միայն գիտեն: Հենց նրանց էլ որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ երկու տարուց ավելի է, ինչ դատական գործընթաց է ընթանում, որը վերջապես կբացահայտի ու ի դերև կհանի ողջ ճշմարտությունը։ Անցած շաբաթ գործը վարույթ է ընդունել նաև ՀՀ Վճռաբեկ դատարանը։ Կազմված այդ գործում ամենակարևորն անգամ հայցադիմումը չէ, այլ արխիվներից վեր հանված փաստաթղթերը։ Փաստաթղթեր օրինակ այն մասին, թե ինչպես է ԱԱԾ-ն (պարզից էլ պարզ է՝ պետության առաջին դեմքերի գիտությամբ ու ղեկավարությամբ, ինչի վերաբերյալ կան փաստը հաստատող վկայություններ) Ա. Խաչատրյանին ոչնչացնելու համար պատրաստ եղել ամեն ինչի, ընդհուպ՝ գործող օրենքների խախտման գնով նրա ընտանիքի հետապնդմանը, գաղտնալսմանն ու թալանին: Գործում առկա են փաստեր, թե ինչպես են ընտանիքի անդամներին պաշտպանելու փոխարեն՝ Հայաստանի քաղաքացիների հեռախոսազրույցները ձայնագրվել ու փոխանցվել օտար պետության հատուկ ծառայություններին, այս դեպքում՝ ՌԴ ԿԳԲ-ՖՍԲ-ին։
Նրանք կեղծել են փաստաթղթեր, որոնցով Խաչատրյանին մեղադրել են իբր իրականացված սպանությունների, ահաբեկիչներին զենք մատակարարելու, Բեն Լադենի հետ համագործակցելու մեջ: Հիշատակվող բոլոր այդ փաստաթղթերի պատճեններն ուղարկվել են ՀՀ Վճռաբեկ դատարան (դրանք ընդամենը «օպերատիվ տեղեկատվության» և «գաղտնալսումների» չնչին մասն են միայն)։
Ստացված «տեղեկատվության» հիման վրա և երկու նախագահների համաձայնությամբ 2003 թ. Ա. Խաչատրյանը (այն ժամանակ՝ ՌԴ մարդու իրավունքների լիազոր ներկայացուցչի խորհրդական) ձերբակալվել է և երեք տարի անցկացրել Լեֆորտովոյի բանտում…
Պատկերացնու՞մ եք, թե նրա հետ ինչ կանեին, եթե թեկուզ նրա վերաբերյալ ներկայացված հերյուրանքների գեթ մի մասը ճիշտ լիներ։
Ձերբակալման պատճառ է դարձել մեկ այլ անձի կողմից օդանավակայանի մաքսային հսկողության ժամանակ չհայտարարագրված գումարը, մինչդեռ նույն այդ ժամանակամիջոցում Արբակ Խաչատրյանը եղել է տանը, որտեղից էլ նրան «վերցրել են» (այդ մասին հոդվածներ կան ռուսական մամուլում, տե՛ս՝ ինտերնետում)։
Մենք կփորձենք ավելի շատ տեղեկություն ստանալ այս գործընթացի մասին, թեև տեղյակ ենք, որ հայցվորներն ու փաստաբանները նախատեսում են գործը հասցնել մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ խոսքը վերաբերում է Արբակ Խաչատրյանի և նրա ընտանիքի 25-ամյա հետապնդման համար հսկայական փոխհատուցման պահանջին (բոլոր փաստաթղթերն առկա են)։