Կրոնը ոչնչացնում է հավատքը

Առանց  ճշմարիտ հավատի և ազգային արժեքների՝ պետություններն իրենց ժողովուրդներով  հանդերձ չեն  գոյատևի։ Նրանց վերացումը՝ ընդամենը ժամանակի հարց է։

                                                  Արբակ Խաչատրյան

Պատմությունը թերևս, աշխարհի վրա եղած ամենահայեցողական, ոչ ճշգրիտ գիտությունն է։ Հապա մի պահ պատկերացրեք. վաղնջական ժամանակների ու հեռավոր անցյալի մասին հիշատակություններն ու մեր գիտելիքները մեզ են փոխանցվել հնագույն ձեռագրերի ու տարեգրությունների միջոցով։ Դեպքերի ժամանակագրությունը դրանցում՝ գուցեև ճշգրիտ է, բայց մնացած շարադրանքն իբրև անսակարկելի ճշմարտություն ընկալելը առնվազն միամտություն կլինի։ Հայտնի է, որ հեռավոր այն ժամանակներում գրագիտություն ունեին քչերը: Ուսյալները, սովորաբար, իշխանության մերձավոր շրջապատի մարդիկ էին։ Հենց նրանց էլ, որպես կանոն, վերապահված էր պատմական անցքերի ու իրադարձությունների շարադրումն ու փոխանցումը գալիք սերունդներին: Ինչպես ասում են՝ «Ժամանակները փոփոխական են՝ հավերժությունն է անփոփոխ»: Մեր ժամանակներում նույնպես, քաղաքական իրողություններով և նպատակահարմարությամբ պայմանավորված՝ պատմությունը մերօրյա «վավերագիրների»  կողմից նորից է վերաշարադրվում, ներկայացվում ըստ հայեցողության, այսպես ասած՝ «սեփական զանգակատնից»։ Սակայն կան, առկա են Հայաստանի, Վրաստանի, քրիստոնեական այլ պետությունների հետ կապված պատմական հանրահայտ փաստեր, որոնք մինչ այսօր մտորման տեղիք են տալիս։ Քրիստոնեություն ընդունած շատ երկրներ հավատի միջոցով ու վկայաբերմամբ են արդարացրել տարատեսակ հալածանքներն ու պատերազմները։ Ասվածի վառ վկայությունը՝ Խաչակրաց արշավանքներն են։ Ընդհանրապես, հավատի նմանօրինակ շահարկումը՝ հատուկ է եղել բոլոր կրոններին։ Այսպես ոչնչացվեց եգիպտական քաղաքակրթությունը, քրիստոնեության միջոցով հրեաները կործանեցին Հռոմեական կայսրությունը։ Իսկ հայտնի՞ է, թե որքան մարդ է բնաջնջվել իսպանական ու պորտուգալական գաղութներում՝ Վատիկանի կողմից հայտարարված Սուրբ ինկվիզիցիայի ժամանակաշրջանում, կամ այն բնակավայրերում՝ որտեղ քրիստոնեությունը տարածվում էր պարտադրման, ուժի միջոցով։

Իսկ հիմա՝ Հայաստանի մասին։ Երկիր, որն առաջինն ընդունեց քրիստոնեությունը՝ դեռևս IV դարում: Երկիր, որը երբեք ու ոչ մի դեպքում իր հավատքը չի օգտագործել ուրիշների տարածքները գրավելու կամ պատերազմներ սկսելու համար։ Ընդհակառակը՝ հայ ժողովուրդը մշտապես ստիպված է եղել պաշտպանվել ու տառապել իր հավատի համար։ Հայաստանը բազմիցս է նվաճվել ու ազատագրվել օտարներից։ Օրհասական այդ պայմաններում ժողովուրդը, ինչպես վկայում է պատմությունը, մշտապես համախմբվել է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, ապավինել նրա զորակցությանն ու եկեղեցու պատերի ներսում գտել իր միակ փրկությունը։ Հայերի ինքնության զգացումը խորապես կապված է քրիստոնեության ընկալման ու նրա դավանած արժեհամակարգի հետ։ Այդպես է գրված սերունդներին ժառանգված տարեգրություններում, այդ են ավանդում հնագույն ձեռագիր մատյանները։

Հետաքրիր չէ՞, այդ դեպքում ինչու՞  նման հարուստ և ինքնատիպ պատմություն ու մշակույթ ունեցող հայերը՝ դրանով հանդերձ չկարողացան ստեղծել ամուր պետություն, հաստատուն ու կայուն արժեհամակարգ, ի զորու չեղան պաշտպանել իրենց պետականությունը: Մինչդեռ բարբարոսներին՝ չգիտես ինչպես դա հաջողվեց ու նրանք կարողացան առաջ ընթանալ, ծաղկել ու բարգավաճել։ Հետաքրքիր է չէ, թե ինչու՞ է Հայաստանը մշտապես կախված եղել ու գտնվել այս կամ այն պետության «հոգաբարձության» տակ, նրանց հովանու ներքո։ Ինչո՞ւ է դարեր շարունակ անհուսորեն կախված եղել այդ երկրների «բարեգթությունից»: Ու այդպես՝ դարեր շարունակ: Ու որքան էլ  ասվածին չհամաձայնեն հնարավոր ընդդիմախոսները, ի սեր անկեղծության, հարկ է խոստովանել, որ Հայաստանը կորացած մեջքը շտկել ու արժանապատիվ կյանքով ապրել է սկսել խորհրդային կարգերի օրոք միայն: Իմ սերնդակիցներից շատերը հպարտությամբ են հիշում, թե ինչպես էր Հայաստանը ԽՍՀՄ 15 հանրապետությունների ընտանիքում առանձնանում իր գիտական ներուժով, աշխարհին ներկայանում իբրև ամբարած ներուժ, ընդգծված արժանապատվություն ու պատվախնդրություն ունեցող բարգավաճ երկիր։ Այսօր Հայաստանում գոյություն ունեցող ամեն ինչ՝ պետական լեզուն, կառավարման ինստիտուտները, մեր ապրած կյանքի ժառանգությունն են։ Չնայած խորհրդային կարգերին, եկեղեցին նույնպես շարունակում էր մնալ մեր ժողովրդի և պետության անբաժանելի մասը։ Մենք հպարտանում էինք մեր աշխարհահռչակ գիտնականներով, արվեստի ու մշակույթի նշանավոր գործիչներով: Եվ ամենակարևորը՝ հպարտանում էինք, որ հայ ենք։

Բայց այսօր ամեն ինչ գլխիվայր շրջվել է, փոխվել է մարդուն կրթող ու ուղղորդող արժեհամակարգը։ Մերօրյա կյանքում առանցքային ու դոմինանտ է դարձել առևտուրը։ Հեղինակություն են համարվում «օդից հաց քամող» վաճառականները, վաշխով գումարներ տվող բանկիրներն ու շոուբիզնեսի աստղերը: Հերոսներ են հռչակվում՝ ժամանակին հարկերը վճարողները։ Եթե այսպես շարունակվի, ապա վաղը, իրենց պարտաճանաչ հարկերի շնորհիվ հենց նրանք են դառնալու ժամանակակից Հայաստանի հերոսները… Թեև նման պայմաններում կասկածում եմ, որ երկիրը կշարունակի գոյություն ունենալ այսօրվա անունով…

Ըստ իս, եկեղեցին և հավատը ամենևին էլ միևնույնը չեն։ Հավատը վերափոխում է մարդկանց, ավյուն տալիս նրանց ու բալասանում նրանց մոտ առկա կասկածն ու վարանմունքը: Իսկ եկեղեցին կարող է ոչնչացնել այդ հավատը։ Աբգար   Ե-ն՝ առաջին հայ արքան էր, որ հավատաց Հիսուս Քրիստոսին և անվերապահորեն իրենը համարեց քրիստոնեական արժեքները (սեր, ընտանիք, երեխաներ, ծնողներ…): Քրիստոսին ու քրիստոնեությունն ընդունեց աներկբա հավատով, գիտակցաբար՝ առանց որևէ ճնշման, պարտադրման ու սպառնալիքի։ Հայաստանը անտեսելով առկա վտանգները ռիսկի գնաց ու դարձավ առաջին քրիստոնեական պետությունը, որը հիմնված էր հավատի ու ազգային արժեքների վրա։ Այլ կերպ՝ Հայաստանը իր անսահման հավատով ու նվիրվածությամբ ինքն է ընտրել զարգացման իր ճանապարհը ու դարձել ինքնաբավ, սակայն քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունելուց հետո Հայաստանը սկսել է ինչ-ինչ պատճառներով թուլանալ։ Այս առումով շրջանառվում են տարբեր մեկնաբանություններ,վկայաբերվում տարբեր պատճառներ։ Իսկ ըստ իս՝ կրոնն է ոչնչացրել  ճշմարիտ հավատը։ Կրոնն է իր հետևորդներին ներշնչում  զգալ թույլ, անկար ու անզոր, մինչդեռ հավատը ոգեշնչում է, մղում պայքարի՝ հանուն ազգային արժեքների, ընտանիքի ու սիրո։ Իմ խորին համոզմամբ եկել է կարծրացած պատկերացումները փոխելու, անհամարժեք ըմբռնումներն ու մոտեցումները վերաիմաստավորելու ժամանակը։

Եկել է զանգերի ղողանջը դեպի կործանում շտապող մարդկանց ականջներին հասցնելու, տագնապի ու փրկության կոչնակ զարկելու ժամանակը: Արյունահեղություններով, ինկվիզիցիայով, պեդոֆիլներով ու թմրակարտելների փողերը լվացող բանկերով հայտնի Վատիկանի փոխարեն՝ Սուրբ Էջմիածինը համաքրիստոնեական բնօրրան դարձնելու ժամանակը: Ու դա պետք է անել հիմա, քանի որ վաղը կարող է ուշ լինել: Առանց ճշմարիտ հավատի և ազգային արժեքների՝ պետություններն իրենց ժողովուրդներով  հանդերձ չեն գոյատևի։ Նրանց վերացումը՝ ընդամենը ժամանակի հարց է…

Գուցե եկել է ժամանակը, որպեսզի բոլոր քրիստոնեական ուղղությունները (կաթոլիկություն, բողոքականություն, ուղղափառություն և այլն) մի կողմ թողնեն երկրորդական տարաձայնությունները և միավորվեն մեկ ընդհանուր՝ հավատի դրոշի տա՞կ։ Գուցե եկել է ժամանակը, որ աշխարհով մեկ սփռված հայերը հիշեն իրեն իրական արմատների մասին ու վերագտնեն իրենց ինքնությունն ու իրենց պատշաճող արժեհամակարգը, դեպի Աստծո տուն տանող ճանապարհը: Սակայն մինչ այդ, մինչ համաքրիստոնեական խորհրդանիշ  հռչակումը Սուրբ Էջմիածինը հարկ է ազատել, ազատագրել Աստծո անունը պղծող, նրա անունից հանդես եկող բազմերես դեվերից…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *